Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանում։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետությանարվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև։

Ուրարտական միջնաբերդ Վանում

Քաղաքաշինություն

Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ:

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով։ Մեկից ավելի բարձունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։

Ջրանցքներ

Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում ՄենուայիՄանազկերտիԲերկրիի և Խոտանլուի ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։

Քանդակագործություն

Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են։ Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ։ Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը։ Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում։ Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրում հայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները։ Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն Ուրարտուի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։