Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560535 թվականներ)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522331 թվականներ)։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):