Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։