Արևելքի երկրներում տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: «Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը:

Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը:

Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար, որը բաժանվում է երկու փուլի՝ մ.թ.ա. III-I դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն՝ մ.թ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմանը:

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել: Ցավոք, մեզ ժամանակի շինություններից հասել է միայն Գառնիի հելլենիստական տաճարը։

Картинки по запросу հելենիզմը հայաստանում