Պապ Արշակունի (353 — 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի[1]։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[2]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է: