Երկու ուրվական

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
— ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Գիշեր է և լռություն

Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում…

Ցուրտ է աշխարհն ու աղոտ.
Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ,
Ե՛վ մտածում, և՛ վերհուշ…

Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում.—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։

Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի՛ դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ…

Համր է երկիրն ինձ համար,
Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման…

Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում…