Խոտաբույսերից պատրաստված, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում

Դեռ հնուց կանայք իրենց մաշկը խնամում էին։ Դե քանի որ այն ժամանակ չկար այն միջոցները, քսուկները, որը հիմա կա նրանք օգտագործում էին խոտաբույսեր։ Դրանցից մի քանիսը կներկայացնեմ.

Մաշկի բոլոր տեսակներին կարելի է եղինջով դիմակ դնել. երեք ճաշի գդալ չորացրած եղինջի տերևների վրա ավելացնել մի քիչ եռացրած ջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային բաղնիքում եռացնել 10-15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

 

Մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ դդումի հյութով դիմակ պատրաստել. մեկ ճաշի գդալ դդումի թարմ հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, մեկ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնեք ու քսեք դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվեք:

 

Դեմքի մաշկը կարելի է խոնավացնել և սնուցել նաև բանջարեղենի ու մրգերի հյութերով. վարունգ, լոլիկ, ելակ, ծիրան, դեղձ, ձմերուկ, խաղող և այլն: Վարունգը խոնավացնող, սպիտակեցնող և թարմացնող հատկություն ունի:

 

  • Վարունգի կեղևը դրեք դեմքին կամ քերած վարունգը լցրեք թանզիֆի վրա, ապա դրեք դեմքին:
  • Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
  • Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
  • Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:

 

Կեռասից պատրաստված դիմակներն օգտակար են կնճռոտ և ծակոտկեն մաշկին:

 

Կես բաժակ առանց կորիզի կեռասը տրորեք, ավելացրեք մեկական թեյի գդալ մեղր և կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և վզին, 15 րոպե հետո լվացվեք:

 

Դեղձի հյութը կանխում է մաշկի ծերացումը. մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացրեք մեկ բաժակ դեղձի հյութ և չեռացրած կաթ, քսեք դեմքին, 20 րոպե հետո լվացվեք սառը ջրով:

 

Մաշկի արյան շրջանառության և տոնուսի բարձրացման լավագույն միջոց է խոտաբույսերից պատրաստած սառցե խորանարդիկներով շփումը:

 

Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. մեկ ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ` եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի:

 

Պեպենների ու պիգմենտային լաքաների գունազրկման, մաշկի սպիտակեցման համար օգտագործվում են մրգային ու բանջարեղենային դիմակներ: Պեպեններին քսեք կարմիր հաղարջի հյութ, չորանալուց հետո` մեկ ձվի սպիտակուցի և 2 թեյի գդալ բորաթթվի խառնուրդ: 10-15 րոպե հետո լվացվեք վարունգի հյութով, որից հետո լվացվեք սառը ջրով, սրբվեք և դեմքին քսեք ձեր մաշկին համապատասխան քսուք:

 

Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ

 

  • Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
  • Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք, ստացված զանգվածը հավասար շերտով քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

 

Բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա:

 

Վիտամիններով հարուստ ըմպելիք

 

  • Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:
  • Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:

 

Վիտամիններով հարուստ խյուս 

 

  • Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:

 

Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված`«գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

 

  • Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:

 

Ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը: Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

 

Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել` օգտագործելով բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին: Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը:

 

Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

 

Եղանակային փոփոխությունների ժամանակ ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի ու անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:

 

Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը. քերած գազարին և ստացված հյութին խառնեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ և լավ խառնեք, քսեք ձեռքերին:

 

Կարտոֆիլից պատրաստված խյուսը հարթեցնում է մաշկը և օգնում մանր ճաքերի վերացմանը:

 

Կեղևով եփած կարտոֆիլը տրորեք, ավելացրեք 50 գրամ կաթ և մեկ թեյի գդալ ձեթ: Ձիթապտղի յուղը շատ արագ վերականգնում է ճաքճքված մաշկը: Մի թափեք այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակաբակտերային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի:

 

Եթե ձեռքերի վերին հատվածում անհարթություն կա (սագամաշկ), կարելի է առավոտյան և երեկոյան խոզանակով ու օճառափրփրով մաշկը թեթևակի մերսել: Ընդամենը մեկ շաբաթ անց արդյունքը կզգաք: Կարելի է հագնել բամբակե ձեռնոցներ, նախապես դրանք ծածկելով սնուցող քսուքի շերտով, ձեռնոցները ձեռքերին թողնել մեկ-երկու ժամ, կարելի է նաև ամբողջ գիշերը:

 

Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները, որոնց հարդարումը պետք է վստահել միայն մասնագետի: Անհրաժեշտ է դրանք հաճախակի մշակել խարտոցով և փափկեցնող քսուք քսել: Լավ արդյունք են տալիս հատուկ գելերը, որոնք նախատեսված են եղունգների արտաքին շերտի ամրացման համար: Եղունգների լաքը պաշտպանիչ շերտ է, որը պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:

 

Եղունգները չշերտազատվելու համար ընդունեք վիտամին A կամ այն պարունակող սննդամթերք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s