Ներածություն

Սոցիալիզմի՝ որպես քաղաքական գաղափարախոսության ծագումն ու զարգացման սկիզբը կարելի է համարել 19-րդ դարը։ Վերջինս զարգանում էր եվրոպական մայրցամաքում և հատկապես Մեծ Բրիտանիայում գերակայող ազատականության գաղափարախոսությանը զուգահեռ։ Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել կարծիքների, որ սոցիալիզմի արմատները հասնում են Պլատոնի «Հանրապետություն» կամ Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատություններին։ Սակայն սույն ուսումնասիրության մեջ, սոցիալիզմը դիտարկելու ենք որպես 19-րդ դարում ազատականությանն ու պահպանողականությանը զուգահեռ ձևավորվող քաղաքական գաղափարախոսություն և անդրադառնալու ենք վերջինիս ծագմանն ու զարգացման հիմնական ճանապարհին։

Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։

Ի՞նչ է սոցիալիզմը և որո՞նք են վերջինիս բնութագրիչները.

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․

• Համայնք և համայնավարություն

Համայնքը` հասարակությունը, և վերջինիս կոլեկտիվ աշխատանքն ու արտադրությունը կենտրոնական դերակատարում ունեն սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որ մարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝ անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպես սոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։ Համայնավարության գաղափարը սերտաճած է համայնքի` վերը նշված ընկալման հետ։ Համայնավարությունը ենթադրում է, որ համայնքի հավաքական ջանքերը ունեն ավելի մեծ թե՛ պրակտիկ, թե՛ բարոյական արժեք, իսկ ընդհանուրի շահը ավելի կարևոր է քան անհատի շահը։ Այն հասարակությունը, որը խրախուսում է անհատի եսասիրական, օգտածարավ վարքը անհեռանկար է։ Սա այն առանցքային գաղափարներից է, որտեղ սոցիալիստները հակադրվում եմ ազատական կապիտալիստական ավանդույթին։

• Համագործակցություն և հավասարություն

Համայնավար հասարակության զարգացման շարժիչ ուժ սոցիալիստները համարում էին համագործակցությունը` միասնական աշխատանքը ընդհանուր շահի համար՝ ի տարբերություն ազատականների կողմից շրջանառվող մրցակցության գաղափարի։ Ըստ սոցիալիստների՝ մրցակցությունը ծնում է ագրեսիա և օգտապաշտություն, իսկ համագործակցությունը մի կողմից նպաստում է փոխօգնության գաղափարի խթանմանը, իսկ մյուս կողմից՝ տնտեսապես ավելի արդյունավետ է։ Եթե կապիտալասիտական համակարգը առաջարկում է աշխատանքի նյութական պարգևատրում, ապա սոցիալիստները կարծում էին, որ այն պետք էլ լինի բարոյական։ Իհարկե, սոցիալիստները չեն հերքում նյութական բարիքի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճ գրանցելու ու բարիքի հավասար բաշխումն ապահովելու տեսանկյունից։

Համագործակցության արդյունքում արտադրված բարիքի բաշխումն էլ պետք է տեղի ունենա ըստ կարիքի։ Այս գաղափարը Կ. Մարքսն արտահայտել է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի»:
Հավասարությունն, իր հերթին, սոցիալական կայունության և համախմբվածության երաշխիքն է, սակայն սոցիալիստները հեռու էին այն ընկալումից, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար։ Վերջիններս կարծում էին, որ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը ձևավորվում է ավելի շատ հասարակության կողմից անհավասար վերաբերմունքի արժանանալու՝ նյութական բարիքի անհավասար բաշխման արդյունքում, այլ ոչ թե բնատուր ընդունակությունների։ Սոցիալիստների համար սոցիալական հավասարության գաղափարը ֆունդամենտալ արժեք է։

Եթե մարքսիստ–կոմունիստները ձգտում են սոցիալական բացարձակ հավասարության՝ համայնավարական արտադրության միջոցով, ապա սոցիալ–ժողովրդավարները՝ հնարավորությունների հավասարությանը։

• Անդասակարգ հասարակություն

Դասակարգերը հասարակության մեջ նմանատիպ սոցիալական և տնտեսական ռեսուրս տնօրինող խմբերն են։ Անդասակարգ հասարակությունը՝ շահագործող և շահագործվող դասակարգերի բացակայությունը, սոցիալիզմի նպատակներից մեկն էր։ 1848 թվականին հրատարակված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»աշխատությունում առաջարկվում է հասնել անդասակարգ հասարակության հետևյալ եղանակով՝ «Եթե աշխատավորությունը բուրժուազիայի դեմ պայքարում միանա մեկ միասնական դասակարգի մեջ, հեղափոխության միջոցով իրեն վերածի իշխող դասկարգի և որպես իշխող դասակարգ ոչնչացնի հին արտադրական հարաբերությունները, ապա վերջինիս հետ մեկտեղ կվերացնի հասարակության մեջ դասակարգերի գոյությունը՝ ներառյալ սեփական իշխանությունը՝ որպես դասակարգի»: Երբ 20-րդ դարի կեսերից աշխատավորությունը իր դասական արդյունաբերական իմաստով դադարեց գոյություն ունենալ, և տեղի էր ունենում ապաարդյունաբերացման գործընթաց, անդասակարգ հասարակության գաղափարը՝ որպես սոցիալիզմի հիմնարար արժեքներից մեկը, սկսեց ձևափոխվել։

• Հանրային սեփականություն

Սոցիալիստները պնդում էին, որ մասնավոր սեփականությունն անհավասարության գլխավոր աղբյուրն է, հետևաբար՝ այն պետք է փոխարինվի հանրային, ընդհանուր սեփականությամբ։ Մասնավոր սեփականությունը անընդունելի էր սոցիալիստների համար մի քանի հիմնավորումներով՝ նախ այն անարդար է, ապա՝ բարոյապես սխալ, սրան էլ ավելանում է կոնֆլիկտածին, հասարակությունը պառակտող բնութագրիչը։