Հայ-թուրքական պատերազմ

Թուրք-հայկական պատերազմը

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն

Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։

Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն։

Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։

Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։

Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։

1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։

Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: