Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ:

-Հնում հայերն ի՞նչ են դրել Նոր տարվա սեղանին, եւ ինչպե՞ս են որոշ ոչ հայկական ուտեստներ մուտք գործել մեր տոնական կենցաղ:

-Ավանդական կենցաղում կարեւոր տոն էր համարվում եւ մեծ շուքով էր նշվում հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը, եւ դրան նախորդող մեկ շաբաթը պասի շրջան էր: Ուստի հունվարի 1-ին ամանորյա սեղանին դրվել են պասին առնչվող կերակուրներ՝ պասուց տոլմայի տարբերակներ, լոբով, բանջարեղենով աղցաններ եւ այլն: Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ: Այնուհետեւ, երբ խորհրդային տարիներին դուրս եկավ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը, Նոր տարվա սեղանին հայտնվեցին մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո արդեն փոխառվեց խոզի բուդը դնելու ավանդույթը, որը, հակառակ տարածված թյուր կարծիքի, բնավ հայկական բնույթ չի կրում:

-Այսօր Ամանորի սեղանին հայերս ի՞նչ կարող ենք դնել, եթե նպատակ ունենք ե՛ւ պահպանելու հայկական ավանդույթները, ե՛ւ քայլելու ժամանակին համընթաց:

-Եթե ուզում եք մեր ավանդույթները պահպանել, կարող եք, օրինակ, տարի հաց դնել սեղանին: Հնում հայերը նախորդ կամ գալիք տարին խորհրդանշող մեծ գաթա էին թխում՝ զարդարելով այն երկնային լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի պատկերներով: Խմորեղենը բաժանում էին 4 կամ 12 մասերի, որոնք խորհրդանշում էին տարվա եղանակները կամ ամսիները: Տարի հացի մեջ տանտիրուհին բախտագուշակ-նշան էր դնում՝ ոսկյա, արծաթյա զարդի կամ նույնիսկ հոնի, լոբու տեսքով, եւ ում որ այն բաժին էր ընկնում, համարվում էր, որ նոր տարին նրա համար հաջողությամբ է պսակվելու:
Բացի այդ՝ հնում հայերը ծիսական խմորեղեններ էին թխում՝ տիկնիկների, կենդանիների տեսքով: Եթե դրանք լավ էին ստացվում, նշանակում էր, որ գալիք տարում թխողը հաջողակ է լինելու: Ծիսական խմորեղենները ստանում էին նաեւ երեխաների պատկերներով եւ դրանք որ կնոջը որ բաժին էին ընկնում, խորհրդանշում էին գալիք տարում նրա մայրանալը: