Չարենցի բանաստեղծությունները

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) — 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում: 1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը: Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ.-ին, զինվորագրվելով հայկական կամավորական խմբին, հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը:  Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով: 1918-1921թթ.-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև և այլն, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության:  Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913-1916թթ., «Լիրիկական բալլադներ», 1915-1917թթ., «Ծիածան», 1917թ., «Ողջակիզվող կրակ», 1918-1920թթ. և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920-1921թթ.-ին գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը: Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր: Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նաիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ Շավարշը» (ռադիոբեմադրություն): Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, Հայաստանի, Արցախի և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը:  Երևանում կառուցվել է Չարենցի հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Հեռավար-առցանց ուսուցում․Գրականություն

Հովհ. Թումանյանի ստեղծագործություննեիրց դուրս գրված թևավոր խոսքեր։

Աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես։

Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք։

Գործն է անմահ, լավ իմացեք։

Բալը թանկ է։

Պասկեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին։

Մի կաթիլ մեղր։

Հեռավար ուսուցում․ Գրականություն

Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմից դուրս գրել օրհնանքները:

Տաշտներըդ լի հաց լինի

Դուռներըդ միշտ բաց լինի

Ջաղացիդ միշտ հերթ լինի

Մեջքըդ ամուր բերդ լինի

Թումանյանի պոեմները

Թումանյանի «Մարո» և «Լոռեցի Սաքոն» պոեմները, շարադրություն «Թումանյանի պոեմները» վերնագրով:

Մարո

 Վերլուծություն

Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակ նրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել  ձոր:

Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

 

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից,  այն այլևս  իր տունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ  Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Լոռեցի Սաքոն

Վերլուծություն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել,նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում՝ Թումանյանը, Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվեց… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը:

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:  Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

Իմ երգը Հ․ Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Վ. Տերյան

Երկու ուրվական

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
— ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Գիշեր է և լռություն

Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում…

Ցուրտ է աշխարհն ու աղոտ.
Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ,
Ե՛վ մտածում, և՛ վերհուշ…

Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում.—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։

Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի՛ դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ…

Համր է երկիրն ինձ համար,
Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման…

Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում…

Առաջադրանք

Տրված բառերի առաջին արմատներով կազմել բարդ բառեր՝ վերջին բաղադրիչ դարձնելով։

սպիտակաթույր-ձյունասպիտակ            կիսալու սին-

ժպտերես-մեղմաժպիտ                             անվանաթերթ-հայրանուն

բանաստեղծ-սրտաբան                            մեծամտություն

քարտաշ-երկրաքար                                 խառնաշփոթ

ծառազարդ-տոնածառ                             սեղանապետ-բարձրասեղան

զանգակակատուն-տեսազանգ                փնջաձև-ծաղկեփունջ